Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Կռիվն այսօր տեղափոխվել է թիկունք

Կռիվն այսօր տեղափոխվել է թիկունք
10.11.2025 | 17:13

Մեր պետության ու արժանապատվության համար կռվողներին հինգ տարվա մեջ ինչ անուն ասես չկպցրեց պետության ղեկավարությունը, էլ «դասալիք», էլ «փախնող», դա էլ քիչ էր հիմա առհասարակ ասում է՝ իբր ինչի էիք կռվում, դա անգամ «մեր հողը» չէր․ դրանով փորձում է ջնջել պայքարի ու ինքնազոհության մղող գաղափարն ու միտքը։ Բայց հայոց պատմության ընթացքում հենց կռիվ տվողների շնորհիվ է, որ ունենք այս երկիրը՝ փոքր, անծով, սարաշատ, ծով խնդիրներով ու անսահման սիրուն։ Հենց այդ մարդկանց ենք պարտական, որ հայ ենք, խոսում ենք հայերեն, ունենք Հայաստան անունով պետություն երկիր մոլորակի վրա։

44-օրյա պատերազմի ժամանակ մեր զինվորները կռվել են ամենաբարդ ու անհավանական պայմաններում, անգամ հակառակորդն է պարբերաբար ընդունում դա։ Բայց ես վերջերս մտածում եմ, որ պատերազմից հինգ տարի անց մենք այդ պատերազմը, կռիվը, ինքնազոհությունը մարդկային դարձնելու կարիք ունենք։ Իսկ դա կարող են անել նրանք, որոնք մասնակից են եղել այդ ամենին, որոնք կան, ապրում են մեր կողքին, հավատարիմ են գաղափարին ու չեն ուրանում իրենց զինակից ընկերների անձնազոհությունը։ Պատմեք մեզ ձեր զինակից ընկերների մասին, պատմեք կյանքի ու կռվի մասին։ Պատմեք, որ մենք՝ թիկունքայիններս, նորից հասկանանք, որ պատերազմը դա գաղափարի ու մարդկանց մասին է, որ դա դաժան կենդանի է, որտեղ կա մահ, ցավ, կորուստ, բայց միաժամանակ կա կռիվ, բացառիկ խիզախություն, ընկերություն, սեր, անձնազոհություն․․․

Պատմեք, որ մենք կարողանանք ուժ ստանալ ու շարունակել պայքարել թիկունքում, քանի որ կռիվը այսօր տեղափոխվել է թիկունք, մղվում է հոգեբանական ու տեղեկատվական մեթոդներով, մղվում է մեր ուղեղներում և մեր ինքնության դեմ։ Մի բան հաստատ գիտեմ՝ պարտվում են նախևառաջ ուղեղում։ Մեր դեմ պայքարողը հենց դա հասկանալով է այսօր կռվում մեր ուղեղի ու ինքնության դեմ։ Հինգ տարի անց մեր դեմ մղվող կռիվը շարունակվում է՝ անտեսանելի միգուցե ու ոչ շոշափելի, բայց շարունակվում է, ու մենք այդ կռվում չկռվելու ընտրություն անգամ չունենք․․․

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 443

Մեկնաբանություններ